27/05/2021 14:00
Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթեր չեն արձակվել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն ուսումնական վարժանք է անցկացրել. ՊՆ
Տավուշի մարզում հակառակորդի կողմից արձակված կրակահերթերի մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, Aysor.am-ի հետ զրույցում պարզաբանեցին ՀՀ ՊՆ-ից:
Նախարարությունից հավելեցին նաև, որ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկն այդ ընթացքում ուսումնական կրակային վարժանք է անցկացրել:
Նշենք, որ Wargonzo նախագծի տելեգրամյան ալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, փոխհրաձգություն է եղել. կրակոցներ են լսվել նաև Ներքին Կարմիրաղբյուր գյուղի շրջանում:
Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը հաստատել էր լուրը, որ հակառակորդը կրակոցներ է արձակել Չինարիում:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, թե որևէ կրակոց չկա, գյուղում իրավիճակը հանգիստ է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի Կութ գյուղի սահմանային հատվածում հիմնականում դեպի օդ ուղղված կրակոցներ են եղել, որից տուժողներ չկա: