27/05/2021 09:36
«Ժողովուրդ». ՊՆ-ի ստվերային կառավարիչը Արշակ Կարապետյանն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ հակառակորդը 15 օր է՝ շարունակում է մխրճված մնալ հայ-ադրբեջանական սահմանից ներս՝ մեր տարածքում, ու անգամ սահմանին զոհ ունեցանք, ՀՀ ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաներ միմյանց հետ անհամաձայնություն ունեն։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այդքան էլ լավ չեն ԳՇ պետ Արտակ Դավթյանի և նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները: Նախարարությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը որևէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով։ Անգամ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որ ԳՇ-ի և նախարարի հարաբերություններն այդքան էլ լավ չեն, բայց վարչապետը քայլ չի ձեռնարկել ՊՆ-ում սուբորդինացիան կարգավորելու համար։
Ի դեպ, նախարարությունում տարածված մեկ այլ խոսակցության համաձայն էլ՝ նախարարության թիվ մեկ մարդը ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն է, ու նա է նախարարությունում շատ հարցերի լուծում տալիս կամ կառավարում: Ասել է թե՝ ՊՆ-ի ստվերային կառավարիչը Արշակ Կարապետյանն է, որը անկախ է ԳՇ պետից ու նախարարից։
Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը մինչ հեղափոխությունը Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնին էր, իսկ հեղափոխությունից հետո վարչապետի խորհրդական էր»։