27/05/2021 19:00
Տեսնես՝ ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել . «Սկապենի արարքները»՝ ռուսական թատրոնի բեմում
Մայիսի 28-ին և 29-ին Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Ժ․Բ․Մոլյերի «Սկապենի արարքները» կատակերգությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։
«Ինչո՞ւ հիմա՝ Մոլյեր: Տեսնես՝ ո՞ր չարիքն է մեզ այս թիանավերի վրա հասցրել: Սա է իսկական մեծ թատերագրության հատկությունը՝ այն մշտապես արդիական է», - այսպես է բնութագրում Մոլյերի գործը բեմադրիչ Կարեն Ներսիսյանը։
Հանճարեղ ֆրանսիացի կատակերգակն իր ստեղծագործության հասուն ժամանակաշրջանում որպես գործողության վայր օգտագործում է իտալական Նեապոլ քաղաքը, ավանդական իտալական «դիմակների» տակ է թաքցնում հերոսների իրական բնույթը (Սկապենը խորամանկ ծառայի ավանդական դիմակն է իտալական Կոմեդիա դել Արտեյում)՝ ի՞նչ նպատակով: Ժանրային սիրո պատմությո՞ւն պատմելու համար: Ո՛չ մի դեպքում: Մոլյերն այսօր էլ ասելիք ունի, չնայած որ երկը գրելու պահից արդեն 350 տարի է անցել:
Դա մի յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ցայտուն, ուրախ, հեգնական ժանր: Իսկ «թատրոնը՝ թատրոնում» ներկայացման կառուցվածքը թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ համատեղել կատակերգական գրոտեսկն ու խորը ողբերգականությունը:
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններգ Լև Նալբանդյանը, Գոռ Համբարձումյանը, Մանվել Խաչատրյանը, Ալեքսանդր Հայրապետովը, Գրիգոր Խոջոյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մելսիդա Հակոբյանը, Վազգեն Հովհաննիսյանը, Թեհմինե Խաչատրյանը,Անտոն Աղաջանյանը։
Բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, զգեստները՝ Մերի Սարգսյանը: Խորեոգրաֆիան՝ Նունե Կիրակոսյանի։