28/05/2021 19:47
Ladaniva խումբն արդեն Երևանում է. մեծ մենահամերգ՝ Մարզահամերգային համալիրում
Ladaniva խումբն արդեն Երանում է: Խմբի անդամները՝ Ժակլին Բաղդասարյանին և Լուի Թոմասը, «Դալան արտի» այգում հանդիպել են լրագրողների հետ:
Դեռ նախորդ տարի Ժակլինը նշում էր, որ Հայաստանում մենահամերգ ունենալն իր համար երազանք էր, ինչն այլևս իրականություն է:
«Մի քիչ հուզված ենք, չէինք սպասում այդքան հետաքրքրություն մեր նկատմամբ»,- նշեց Ժակլինը, իսկ ֆրանսիացի Լուին լրագրողներին ողջունեց հայերեն` «Բարև ձեզ»:
Ժակլինն ասում է, որ 6 տարի անց Երևանն իրեն ավելի հանգիստ է թվում ու ոչ մարդաշատ, ինչը նա պայմանավորում է Հայաստանում դժվար ժամանակներով:
«Ոնց որ նորից բացահայտեմ Երևանը: Այն ժամանակ, որ գալիս էի Հայաստան, ավելի շատ Եղեգնաձորում էի անցկացնում, Երևանում քիչ էի լինում…Հիմա ինձ համար բացահայտում եմ շատ սիրուն տեղեր։ Նայում եմ կողքերս, ասում եմ` վայ, սա իմ տունն է, ես էստեղից եմ եկել։ Երևանում ոնց որ նորից ինքս ինձ հետ ծանոթանամ»,-անկեղծացավ Ladaniva խմբի մեներգչուհին:
Վաղը՝ մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նրանք առաջին անգամ հանդես են գալու մեծ մենահամերգով, իսկ հաջորդ օրը խմբի արդեն ակումբային ելույթն է նախատեսվում:
Խումբն այստեղ է Unity Production-ի հրավերով, նրանց մենահամերգը նախատեսվում էր դեռ նախորդ տարի, սակայն համավարակը և պատերազմը փոխեցին կյանքի ընթացքը:
«Երբ նախորդ անգամ այստեղ էի, ավելի շատ ժամանակ անցկանում էի Եղեգնաձորում, հիմա կփորձենք Երևանն ավելի շատ բացահայտել»,-նշեց Ժակլինը՝ հավելելով, որ կարճատև այցով են Երևանում և իր հարազատ Եղեգնաձոր այցելելու ժամանակ չեն ունենա:
Նշենք, որ Ladaniva խումբը կարճ ժամանակահատվածում մի շարք հիթեր է ներկայացրել:
«Համերգին կհնչեն ինչպես հին, այնպես էլ` նոր երգեր, այնպես որ` սպասում ենք նորություններով»,- հավելեց Ժակլինը:
Նա լրագրողների խնդրանքով նաև կենդանի ու առանց նվագակցության երգեց Շերամի «Պարտեզում վարդ էր բացված» երգը: