31/05/2021 12:40
Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, քննում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ դատախազության բողոքը։
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստը, քանի որ արձակուրդում է։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կոչ արեց չմերժել իր գործընկերոջ խնդրանքն ու հետաձգել նիստը, քանի որ, հնարավոր է, Ալեքսանյանը ինչ-որ բան ունի ասելու։
Դատարանն, այսպիսով, որոշում կայացրեց, որ Էրիկ Ալեքսանյանի դիմումը պետք է հարգվի. նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը կկայանա հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը 300.1 հոդվածով։
Ըստ մեղադրող կողմի՝ դատարանը չի անդրադարձել, թե քրեական դատավարության ո՞ր նորմերին հղում կատարելով դադարեցրեց քրեական հետապնդումը Քոչարյանի և մյուսների նկատմամբ:
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք էր առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։