31/05/2021 16:04
ԱԳ փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Aysor.am-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին, որ Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին։ Նույն այդ օրը հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Գագիկ Ղալաչյանը 2020թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք՝ այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,-հայտարարել է Այվազյանը։