31/05/2021 11:56
Պետք է հասկանալ՝ իրատեսակա՞ն է ԶՈւ հայելանման հետքաշումը, թե՞ ոչ, հետո անցնել հաջորդ քայլերին. Մակունց
ԱԽ նիստից առաջ ԱԳ նախարարի պաշտոնակատարին վարչապետի պաշտոնակատարը հայտարարության բովանդակության մասին տեղեկացրել է, որի հետ կապված նախարարի պաշտոնակատարի կողմից առարկություն չի հնչել, ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանի առաջարկն ինչ առնչություն ունի Այվազյանի հրաժարականի հետ:
«Մնացյալ դրդապատճառների վերաբերյալ որևէ բան ասել չեմ կարող, այլ բան չգիտեմ», - նշեց Մակունցը:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ այս պահին կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի առաջարկին հանրային արձագանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կողմից եղել է, ընդ որում՝ բոլոր համանախագահների մասնակցությամբ:
«Կարելի է ենթադրել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության արձագանքը նաև պատրաստակամություն է ենթադրում», - ասաց Մակունցը:
Նա միաժամանակ ավելացրեց, որ որևէ գործընթաց չի կարող սկսվել, քանի դեռ ադրբեջանական ԶՈւ-ն հետ չի քաշվել ՀՀ տարածքից: Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ՝ իրատեսակա՞ն է ԶՈւ հայելանման հետքաշումը, թե՞ ոչ և հետո անցնել հաջորդ քայլերին:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ գաղափարը Փաշինյանի կողմից հնչեցնելուց առաջ, դրա մասին համապատասխան կառույցների ղեկավարները տեղեկացվել են և նրանց կողմից առարկություն չի հնչել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանան սահմանից, դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։