31/05/2021 16:25
Նախարարի ու փոխնախարարի հետ ԱԳՆ-ից հեռանում է նաև Աննա Նաղդալյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը թողնում է պաշտոնը։
«Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:
Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում», - հայտարարել է Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Այսօր Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,-հայտարարել է Այվազյանը։