31/05/2021 14:58
Զոհվածների հարազատներին տրամադրվել են առկա ստույգ փաստեր, սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին. ԱՆ արձագանքը
ՀՀ առողջապահության նախարարությունից արձագանքել են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատների դժգոհությանն ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքին:
«ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին: Հարկ է նշել, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին:
Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին:
Հարկ է նշել, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան: Հարազատների հուզական վիճակից օգտվելով՝ նրանց շրջանում ապատեղեկատվություն տարածելն ուղղակի անընդունելի է», - նշված է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ ծնողներն այսօր բողոքի ակցիա են արել՝ փակելով մայրքաղաքի Հերացի փողոցը: Նրանցից մեկի պնդմամբ՝ պատերազմում զոհվածների մարմինները թաքցնում են տարբեր տեղերում, որ ծնողները տեղյակ չլինեն, չտեսնեն՝ ինչքան մարմին կա: