01/06/2021 11:16
2020-ին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետպարտքի կանխատեսվածից զգալի ավելի ծավալների ներգրավմամբ. ԿԲ նախագահ
Համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է ունեցել հարկային եկամուտների վրա, ԱԺ-ում «Բյուջե 2020» քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Հարկային եկամուտները նախորդ տարվա նկատմամբ նվազել են շուրջ 5.4 տոկոսով, սակայն հարկային եկամուտների վերնայված ծրագրով ցուցանիշն ապահովվել է։ 2020 թվականին պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16.3 տոկոսով», - ասաց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով՝ 2020 թվականին հակաճգնաժամային միջոցառումների ֆինանսավորումը կառավարության կողմից իրականացվել է պետական պարտքի կանխատեսվածից զգալի ավելի ծավալների ներգրավմամբ։
«Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում պետական բյուջեի պակասուրդն աճել է՝ հասնելով ՀՆԱ-ի 5.4 տոկոսի, իսկ կառավարության պարտքի բեռը ՀՆԱ-ի նկատմամբ էապես՝ մոտ 13.5 տոկոսով ավելացել է և կազմել 63.5 տոկոս՝ հատելով հարկաբյուջետային կանոններով սահմանված 60 տոկոս շեմային ցուցանիշը», - տեղեկացրեց Մարտին Գալստյանը։