01/06/2021 15:05
Հայաստանում հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիային են համարում բարեկամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ժերար Ֆերանին:
Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
«Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը», - ասել է Ժերար Ֆերանը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում՝ Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:
«Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ՝ հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է՝ Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի: