01/06/2021 11:26
«Խոսք չկա». Մհեր Գրիգորյանն անթույլատրելի է համարում Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունում է՝ անթույլատրելի է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստը։
«Ես ընդունում եմ՝ դա անթույլատրելի է, խոսք չկա, բայց, այնուամենայնիվ, բերեք հնարավորություն տանք լիազոր մարմինները մանրամասն ճշտեն պատճառները, հանգամանքները և ես վստահ եմ, որ բաց բացատրություն կլինի այդ հարցի հետ կապված», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Մհեր Գրիգորյանը խնդրեց՝ պետք չէ այդ փաստն անվանել պետության վերաբերմունք։
«Չի կարելի», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։