01/06/2021 09:43
«Փաստ». «Ռազմական դրություն» հայտարարված չէ, սակայն մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված է անվտանգության նկատառումներով
«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թիմակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նրանք ականատես են եղել փաստացի «փակ» գյուղերի, երբ «ռազմական դրություն» չի հայտարարված, սակայն մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակված է «անվտանգության նկատառումներով»: Եվ ընդհանրապես, Ուրիխանյանն ականատես է եղել բավականին մտահոգիչ երևույթների և Երևան վերադառնալով՝ «տեղը չի գտնում»:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միայն մտերիմ նեղ շրջապատում է անկեղծացել և հավելել է, թե նույնիսկ չգիտի՝ այդ ամենից որքանն է պետք բարձրաձայնել: Մենք զանգահարեցինք Տ. Ուրիխանյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչի են իրականում ականատես եղել, ինչ է կատարվում սահմանային բնակավայրերում: «Այո, մենք իսկապես ականատես եղանք, որ անցակետի պես մի բան է տեղադրված մի քանի սահմանամերձ գյուղերի ճանապարհներին, այսինքն՝ սահմանափակվում է քաղաքացիների մուտքն ու ելքն առանց որոշակի հիմնավորման, իսկ սա նշանակում է վտանգի ուղիղ առկայություն»,- ասաց Ուրիխանյանը և նշեց, թե ավելին ասել այս պահին չի ցանկանում»։