01/06/2021 14:14
Ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արել են՝ մթագնեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ. ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ. Ռոբերտ Քոչարյան
Շփման գծի, սահմանի ողջ երկայնքով մենք պետք է բավականին խիտ դիրքեր ունենանք, իսկ եթե դրանք քիչ են և գտնվում են սեփական երկրի խորքում, ապա, բնականաբար, ադրբեջանցիներն առաջ են գալու, բարելավելու են իրենց դիրքերը, հարմարվելու են տեղանքին, РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն իրեն զգալով հաղթող, ակնհայտորեն ագրեսիա է կիրառում Հայաստանի տարածքի նկատմամբ:
Անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստանալու հավանականությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գործող իշխանությունների մնալու պարագայում ադրբեջանցիները կարող են դա անել, պարզապես, ըստ նրա, զսպող հանգամանք է հանդիսանում Հայաստանում ՌԴ-ի ռազմական ներկայությունը և ռուսական կողմի հետ երկկողմ պայմանագրի առկայությունը։
Երկրորդ նախագահն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին՝ ասելով, թե մեծ սպասելիքներ չունի։
«ՀԱՊԿ-ից ինչ-որ մեծ սպասումներ չունեմ: Այս մասին հրապարակավ եմ ասում. ցավոք, մեր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի մթագնեն մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ», - ասել է նա։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո չի կարողանա իշխանություն ձևավորել։
Նա բացառել է համագործակցությունը Փաշինյանի կամ նրա թիմից որևէ մեկի հետ։
«Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։