01/06/2021 12:33
Դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ. կա 50 մասունք, սակայն դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել. ԱՆ
Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար», - նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: