01/06/2021 12:40
Պետական գնումների ոլորտում արձանագրվել է հետընթաց. կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսը իրականացվել է մեկ անձից գնման ձևով. Հաշվեքննիչ պալատի նախագահ
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը՝ արձանագրելով մի շարք խնդիրներ։
Անդրադառնալով պետական գնումներին՝ Յոլյանը հայտարարեց, որ գնումների գործընթացում տնտեսման սկզբունքի հետ կապված հետընթաց է արձանագրվել։
«2020թ. պետական մարմինների կողմից կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսը իրականացվել է մեկ անձից գնման ձևով, ինչը գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը 4.4 տոկոսով։ Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել», - հայտարարեց Յոլյանը։
Նրա խոսքով՝ գնումների ոլորտում հաշվեքննիչ պալատն արձանագրել է տասնյակ անհամապատասխանությունների փաստեր, որոնք ներառվել են եզրակացության մեջ։