01/06/2021 15:11
Ֆրանսիայի Ազգային ժողովում մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև (Տեսանյութ)
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ժերար Ֆերանին:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը:
«Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:
Ժերար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:
Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը:
«Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա», - ասել է պարոն Ֆերանը:
Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր: