02/06/2021 17:02
«Չեմ հասկանում՝ տղայիս դեպքում ինչո՞ւ են այսպիսի քաշքշուկ ստեղծել. այդքան բա՞րդ է ճշտելը՝ ով, որտեղ է կռվել». ծնողն ահազանգում է՝ պետությունը պատերազմի մասնակցին հասանելիք գումարը մինչ օրս չի տվել
44 օրյա պատերազմից հետո Մանվելյանների 6 հոգանոց ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ. վարձակալության հիմունքներով բնակվող ընտանիքի տղամարդիկ, ովքեր կամավորագրվել ու պատերազմի առաջին իսկ օրից առաջնագիծ էին մեկնել, կորցրել են աշխատանքը, տան կինն էլ ստիպված պարտքերով է տունը պահել, ու արդեն մի քանի ամիս է՝ հայտնվել են «դատարկ տաշտակի» առաջ, անգամ պետական կարգով սահմանված միջոցներից չեն կարողանում օգտվել:
«Պետությունը հայտարարեց, որ պատերազմին մասնակցած տղաներին ֆինանսական օգնություն են ցուցաբերում: Իմ տղան պատերազմից ժամեր հետո Արցախ գնացող կամավորներից է եղել, ամբողջ 44 օր թեժ կետերում է անցկացրել, պատերազմից հետո էլ միայն մի քանի օր է տանը մնացել. այս անգամ էլ մեկնել է զինվորներին փոխարինելու ու վերադարձել է դեկտեմբերի 1-ին: Նայում եմ շրջապատիս մարդկանց, որոնք զավակները 5 օր էլ չեն մնացել մարտադաշտում, մեծ մասը Տավուշում, Վարդեիսում են եղել, իսկ իմ Աշոտը թեժ կետերում է եղել ու բախտի բերմամբ է ողջ մնացել, բայց այդ ընտանիքներին լուրջ աջակցություն են ցուցաբերել, գումարներ տվել, իմ տղային մինչև այսօր քաշքշում են», - Aysor.am-ի հետ զրույցում վրդովված պատմեց ընտանիքի մայրը՝ Գոհար Մանվելյանը:
Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից 25-ամյա Աշոտ Մանվելյանն, ով մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը շինարարական ընկերությունում էր աշխատում, հիմա մատուցողի աշխատանք է փնտրում: Սեպտեմբերի 27-ին Մատաղիս շտապած երիտասարդը պատերազմից վերադարձել է ողնաշարի խնդրով, սակայն մինչ այսօր բժշկի չի դիմել:
«Հավանաբար, վազելու ժամանակ է ընկել: Այդ պահին տաք է եղել, չի զգացել, բայց հիմա դա լուրջ հետևանք է թողել: Ֆիզիկական ծանր աշխատանք կատարել այլևս չի կարողանում, առողջությունը թույլ չի տալիս», - նշեց մեր զրուցակիցը:
Գոհար Մանվելյանը բազմաթիվ դիմում-նամակներ է գրել՝ ուղղված համապատասխան մարմիններին, պատգամավորներին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն, գրեթե անարդյունք, ընտանիքն իր կամավորին հասանելիք գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ: Պատգամավորներից միայն Սոֆյա Հովսեփյանն է արձագանքել՝ ընտանիքին ուղղորդելով սոցապ բաժին:
Այդտեղ էլ պարզվել է, որ ընտանիքի 6 անդամները պետք է հաշվառված լինեն նույն հասցեում: Հաշվառման համար անհրաժեշտ էր 6000 դրամ վճարել (յուրաքաքանչյուր անձի համար 1000 դրամ), բայց ներկա պահին ընտանիքն անգամ այդ գումարը չի կարող վճարել:
Ի դեպ, Գոհարի ամուսինը ևս 44-օրյա պատերազմի մասնակից է, որդու մեկնելուց մի քանի օր հետո էր կամավորագրվել ու ռազմաճակատ մեկնել: Պետությունն ավագ Մանվելյանի հարցում պարտաճանաչ է գտնվել. հոր մասնակցության համար ուսանող դստեր մեկ կիսամյակի վարձը փոխհատուցել է:
«Չնայած էլի երկար քաշքշեցին, մինչև ամուսնուս գումարը փոխանցեցին: Հայրանունը սխալ էին գրել, ու իրենց սխալի պատճառով մենք էինք անընդհատ վազվզում, վերջին վայրկյանին են վարձավճարը փոխանցել: Թե տղայիս դեպքում ինչո՞ւ են այսպիսի քաշքշուկ ստեղծել, չեմ հասկանում: Խնդիրը նրանում է, որ իմ տղան տարբեր տեղերում է կռվել (Մատաղիս, Մարտակերտ, Բալուջա, Կոռնիձոր), ու արդեն քանի ամիս է՝ դա են ճշտում: Ես էլ իրենց անընդհատ խնդրում եմ, բացատրում, որ ընտանիքս վարձով է ապրում, միթե այդքան բա՞րդ բան է ճշտում կատարելը, հասկանալը՝ ով, որտեղ է կռվել: Միայն մեկ անգամ զանգեցին Արցախից, Մատաղիսի զորամասի պատասխանատուն էր, ասաց, որ Ձեր տղան Մատաղիսում 4 օր է եղել, ու մենք այդ 4 օրվա գումարը՝ 28-30 հազար դրամ, կուղարկենք: Բոլոր 4 տեղերի գումարը պետք է ՊՆ-ի միջոցով փոխանցվեր մեզ: Բայց մինչ այսօր չի փոխանցվել նույնիսկ այդ 30 հազարը: Ես արդեն 3 վարձով տուն եմ, փոխել՝ վճարել չկարողանալու պատճառով: Ձմռանը պարտքով, տոկոսով գումարներ եմ վերցրել, որպեսզի ընտանիքիս «յոլա» տանեմ, կոմունալների հարցերը լուծենք, պարտք մնացած տան վարձը տանք: Հույսս էլ կապել էի ՊՆ-ի կողմից տրվելիք գումարի հետ: Հիմա այդ պարտքատերեն ինձ ավելի շատ են վախեցնում, քան պատերազմի օրերն էին: Նույնիսկ վախենում եմ փողոց դուրս գալ: Տղաս էլ անընդհատ նեղանում է ինձանից, ասում է՝ հո ես փողի համա՞ր չեմ գնացել, ես իմ պարտքն եմ կատարել: Հավատացեք, եթե համատարած նույնը լիներ, ես գուցե իմ խնդրի հետ մնայի, լռեի, բայց երբ տեսնում եմ, թե ոնց են շատերը 4-5 օր Շամշադինում անվտանգ մնալու համար մեծ գումարներ ստացել, իսկ իմ տղան կյանքի ու մահվան կռիվ է տվել՝ չեմ կարող լռել: Բացի ֆիզիկական ցավը, նաև հոգեպես է ընկճված, աչքերի առաջ անընդհատ պատերազմն է, զոհված տղերքը, ամբողջ օրն իր սենյակից դուրս չի գալիս, իր ծաղիկների հետ է (Աշոտ Մանվելյանը մինչ պատերազմը ծաղկանոց էր ստեղծել, հեղ.)», - արտասվելով մանրամասնում է կամավորի մայրը:
Օրեր առաջ էլ տիկնոջը ՊՆ-ից են զանգահարել, ասել, որ դիմում գրի՝ ուղղված նախարար Վաղարշակ Հարությունյանին: Աշոտը մանրամասն ներկայացրել է՝ որ ամսվա, որ օրերին, որ շրջանում է կռվել, մայրն էլ գրի է առել: Խոստացել էին անմիջապես արձագանքել, սակայն մինչ այսօր՝ քար լռություն:
Գոհար Մանվելյանն Aysor.am-ին էր դիմել նաև պատերազմի օրերին: Ընտանիքի մայրն, ով տան տղամարդկանց Արցախ էր ճանապարհել, այն ժամանակ մեր միջոցով բարձրաձայնեց՝ պատրաստ է իր վարձակալած հարկի տակ անշահախնդիր տեղ տալ Արցախից Հայաստան եկած ընտանիքներին: Ոգևորում էր կամավորներին, զինվորներին, նրանց մայրերին, հավատում՝ Արցախի ու Հայաստանի ապագային:
Այս անգամ զրույցի ընթացքում անճարությունից գրեթե արտասվող կինը պարբերաբար կրկնում էր.
«Ինձ ճիշտ հասկացեք, մենք երբեք կարիք չենք ունեցել, իմ տան տղամարդիկ աշխատել են, մենք ապահով ենք ապրել, ոչ մի նեղություն չենք քաշել: Բայց մեր հայրենասիրությունը մեզ ոչնչի չհասցրեց, երևի պետք չէր ոչ մի տեղ էլ գնալ, պետք էր մեր աշխատանքին մնայինք ու կողքից շատերի պես «ախ ու վախ» անեինք: Մեր կյանքը դժոխքի է վերածվել, պատերազմից հետո հայտնվել ենք սոցիալական շատ ծանր վիճակում»:
Տիկին Գոհարը սցենարիստ է, Գրողների միության անդամ, սակայն այս օրերին չի խուսափում ոչ մի աշխատանքից. մի օր դայակ է, մի օր՝ մաքրուհի...
«Փորձում ենք միմյանց օգնելով՝ ապրել: Պատերազմից հետո ամուսնուս աշխատավայրը փակվեց, ինքն էլ հիմա ցանկացած գործ անում է, օրավարձով աշխատանքների է գնում: Սկեսուրս ու սկեսրայրս, չնայած տարիքն առած մարդիկ են ու վատառողջ, բայց ստիպված ձեռքներն ամեն տեղ «գցում» են: Ծայրը ծայրին հասցնում ենք, սոված չենք մնում: Մենք հո չե՞նք նստել ու սպասում ենք՝ ով պիտի փող տա, որ ապրենք: Ես ընդամենը իմ երեխու հասանելիքն եմ ուզում, քանի որ այս պարտքերն ինձ արդեն հունից հանում են: Նույնիսկ բարերարների եմ դիմել, երկուսն օգնության ձեռք մեկնեցին ու դրանով գոնե խանութներում կուտակած պարտքերս մարեցի: Շնորհակալ եմ իրենց: Եթե այս ամենը չլիներ, եթե իմ տան տղամարդիկ իրենց աշխատանքները չկորցնեին ու ստիպված պարտքի տակ չընկնեինք, մենք այս վիճակում չէինք հայտնվի: Աշխատող ընտանիք ենք, բայց մեր 3000 դրամ օրավարձից տոկոսնե՞րը տանք, տան՝ 50 հազար վա՞րձը, թե՞ սնվենք», - եզրափակեց Գոհար Մանվելյանը: