02/06/2021 22:19
Եվրոպական խորհրդի ղեկավարը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույցներ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` կողմերին հորդորելով վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ, ասված է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է չորեքշաբթի Բրյուսելում բանակցություններից հետո:
«Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հռչակագրի լիակատար իրականացումը կարևոր է տարածաշրջանային անվտանգության և կայունության համար: ԵՄ-ն պատրաստ է փորձագիտական գիտելիքներ տրամադրել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ոլորտում և աջակցել վստահության ամրապնդմանը», - նշվում է դրանում:
Միշելը կոչ է արել «երկու կողմերին շտապ համագործակցել ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի հարցում և ապահովել լիարժեք թափանցիկություն»:
«ԵՄ-ն տրամադրում է գրեթե 20 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն և կշարունակի մասնակցել դրան։ Սակայն այս հրատապ խնդիրների լուծումը միայն առաջին քայլն է դեպի կայուն խաղաղ կարգավորում: Նախագահը կոչ է արել վերսկսել բանակցությունները կառուցողական ոգով», - ասված է հաղոդագրությունում։
Բանակցությունների ընթացքում Միշելը «ընդգծել է Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման կարևորությունը ԵՄ համար և երկու գործընկեր երկրների հետ հարաբերությունների խորացումը»:
«Եվրամիությունը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանի՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության բաղկացուցիչ մասի անվտանգության, կայունության և բարգավաճման հարցում», - ասված է հայտարարության մեջ: