02/06/2021 12:40
Խելոք մնացեք, էն վիդեոն էլ կհրապարակեմ, թե ոնց եք ՈՒԱԶ-ից բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները. Անհետ կորածի հարազատ (Տեսանյութ)
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում պահվող զինվորների մասունքներն ու դիակները հայտնաբերելուց հետո անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է դիահերձարանում կատարվող գործողություններին։
«Էն, ինչ տեսել ենք Աբովյանում, դրա վերաբերյալ Առողջապահության նախարարությունը մեկ ասեց, որ ներմալ է, հետո ես «լայվ» արեցի ու ասացի, որ մի արեք այդպես, հրապարակավ ներողություն խնդրեք։ Մարդիկ արեցին, ընդունեցին իրենց մեղքը։ Դրանից հետո նստած Հ1 էի նայում ու տեսնում եմ, որ Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանը և Աբովյանի դիահերձարանի գլխավոր բժիշկն ասում են, որ այդ մարմինները պահված են եղել նորմալ պայմաններում, միայն խնդիր է եղել պարկերի անփույթ շարած լինելը։ Ես ձեզ զգուշացրել էի, որ ավելի լավ է սսկվեք, վեր ընկնեք տեղներդ, գոնե տաղամարդկություն լիներ մեջներդ, ասեիք՝ հա, թերացել ենք, ընդունեիք ձեր սխալը, բայց դուք Հ1-ով հարցազրույց եք տալիս, որ էդ պայմանները նորմա՞լ են։
Երբ Աբովյանից իջանք Հերացի, ես Բիշարյանին հորդորեցի, որ սուսուփուս դիմում գրի, դուրս գա աշխատանքից։ Հիմա չեմ հորդորում, հիմա դատի եմ տալու, որ նստացնեն այդ արածի համար։ Խելոք մնացեք, էն վիդեոն էլ կհրապարակեմ, թե ոնց եք ՈՒԱԶ-ից բեռնաթափում, ոչ թե իջեցնում մարմինները։ Չե՞ք հասկանում՝ ինչ եք անում։ Տեսնեմ՝ վաղը ինչ եք ասելու ու ինչ պատասխան եք տալու դրա համար» , - ուղիղ եթերում ասաց Արսեն Ղուկասյանը։
Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Եվ քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից: