02/06/2021 11:42
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու դեպքով կան աշխատանքից ազատվածներ. ԱՆ
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից, հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նշվում է նաև, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել էր, որ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան։