02/06/2021 17:16
Մեզ շրջապատող անտարբերությունը հայի վերջի սկիզբն է, քանի որ այդ անտարբերությունը մեր թշնամու ընկերն է. Վահագն Սարոյան
Հայ մարդն այսօր կանգնած է պետության կորստի և հետագա արժանապատիվ լինելիության մարտահրավերի առաջ։ Թե ինչպիսի՞ն կլինի 2018-ից ստացած ժառանգությունը, ցույց կտա ժամանակը, սակայն պետք է վստահ ասել, որ այդ ամենի և՛ կրողը և՛ լուծում տվողը հայ մարդն է։ Ինչպե՞ս է հայը հիշելու այս երեք տարիների ընթացքում կատարվածի հետևանքները։ Պետք է լիահույս և համոզված լինել, որ այս ամենը հայի գլխին բերածը դատվելու է, և դատվելու է խստորեն։
Հայ մարդ ասելով նկատի ունեմ ոչ միայն ՀՀ-ում ապրողներին, այլև ամբողջ աշխարհում սփռված հայերին, քանի որ տեսնում ենք, թե ինչպես է հայ հանրությունը պառակտվել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Սփյուռքում մեր հայրենակիցներն ասում են, որ համայնքը բաժանվել է երկու մասի, պառակտվել է։ Սա հայի նսեմացում է, տեսակի պահպանման բնազդի թուլացում, սա նաև ձախողում է հայի արժանապատվության և հպարտության տեսանկյունից։ Այս ամենը սկսեց աչք ծակել 2018-ի փողոցային իշխանափոխությունից հետո, երբ արդարության կանչով տոգորված և խորապես խաբված հայ հանրությանը պատեց չարիքը ուղիղ և փոխաբերական իմաստով՝ Կովիդ-19-ի համաճարակը իր բոլոր հետևանքներով (5000 և ավելի զոհեր, տնտեսության անկում և այլն), հուլիսյան էսկալացիան, 44-օրյա արյունալի պատերազմը, հայի արժանապատվություն համարվող Արցախի տարածքների ահռելի կորուստը, հետագա կարգավիճակի մշուշոտ ապագան, 5000-ից ավելի զհերը, 11000-ից ավելի վիրավորներն ու խեղված ճակատագրերը, անտուն ընտանիքներն ու համատարած հիասթափությունը, ինչպես նաև կայծակնային արագությամբ աճող անտարբերությունը... Անտարբերություն սեփականի ու դրա պահպանման հանդեպ։
Հնարավո՞ր է արդյոք այս անտարբերությունը համարել օրինաչափ, քանի որ դա արդյունքն է նրա, ինչին գործող իշխանությունը նախապատրաստել էր հասարակությանը։ Ակամայից հարց է առաջանում, անտարբերությամբ հանրությունը ողջամտությո՞ւն է պահպանում, իր բնականոն կյանքի կոմֆո՞րտն է ցանկանում իրացնել՝ իր միջավայրը զերծ պահելով շրջապատող աղետալի ցնցումներից։ Այնինչ, մեր շուրջ, մեր աչքի առաջ պետությունն ու ազգը իր վերջին երգն է երգում մարդկության պատմության մեջ։
Այնպիսի տպավորություն է, որ հայի անտարբերությունը դարձել է հրապուրիչ, քանի որ շատ ավելի դյուրին է հայացքը թեքել պատերազմի զոհերից, անհետ կորածներից, հայ զինվորների աճյունների անմարդկային վերաբերմունքից, ի դեպ, Առողջապահության նախարարի հայտարարությունը անտարբերության ցայտուն օրինակ է։ Ի վերջո, այնպես է ստացվել, որ հայ մարդը դարձել է ցավին ու հուսահատությանն անհաղորդ, քանի որ դա իր կոմֆորտի վրա ազդող անհարմարություն է։
Անտարբեր մարդու համար իր հայրենակցի, հարևանի, հարազատի, ծանոթ-անծանոթի կյանքը անկարևոր է հետևաբար նաև անիմաստ։
Աբովյանի դիահերձարանի նկուղում հայ մարդու զավակների աճյուններն ու մասունքներն են։ Սա հայ մարդու դեմքն է և անտարբերության արդյունքը։ Հայ մարդու տառապանքի հանդեպ անտարբեր լինելը մարդ արարածին դարձնում է տմարդ։ Հայ մարդն այսօր անտարբեր է ամեն ինչին, իսկ դա ավելի վտանգավոր է քան զայրույթը կամ ատելությունը, ինչն այսօր գերակշռում է հանրային տրամադրություններում։ Հայ մարդն անտարբեր լինելով տոնում է երեխաների պաշտպանության օրը՝ քաջ գիտակցելով, որ անպաշտպան են սեփական երկրի սահմանները, հետևաբար սեփական անվտանգությունը։
Մեզ շրջապատող անտարբերությունը հայի վերջի սկիզբն է, քանի որ այդ անտարբերությունը մեր թշնամու ընկերն է։ Մեր անտարբերությունը մեր նկատմամբ ոչ թե մեղք է այլ պատիժ։
Վերջ ի վերջո սա գիտակցել է պետք։ Եվ այս ամենի գիտակցումը, սթափության առաջին քայլերը հնարավոր է հույս արթնացնեն հայ մարդու հետագա լինելիության համար։