03/06/2021 11:34
Հերոսների դիակները կարտոֆիլի պարկերի նման դիահերձարանից դիահերձարան տեղափոխելու հարցը քննարկելու փոխարեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքն է քննարկվում. Զոհրաբյան
Այս դահլիճում մենք վիրտուալ իրականությունից պետք է վերադառնանք ռեալ կյանք և քննարկենք, օրինակ, թե ինչպես եղավ, որ մեր հերոս տղաների դիակները կարտոֆիլի նման պարկերով լցված էին և տեղափոխվում էին դիահերձարանից դիահերձարան, ԱԺ արտահերթ նիստին ամբիոնից հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես եղել եմ Կոտայքի դիահերձարանում և տեսել եմ այդ զարհուրելի տեսարանը։ Ինչպե՞ս եղավ, որ պատասախանատվության է ենթարկվում ընդամենը սանիտարը և բաժնի պետը, որն, ըստ էության, մեղավոր չէ, որովհետև Կոտայքի դիահերձարանում ընդամենը 10 դիակի տեղ կա։ Հայտարարում են, թե կարող են լինել նաև ադրբեջանցիների դիեր. կարո՞ղ է մի օր էլ հայտարարեք, թե ծնողներից մեկին տվել եք ադրբեջանցու դիակ, հիմա նա ամեն օր խնկարկում է դրա առաջ», - ասաց պատգամավորը։
Զոհրաբյանի խոսքով՝ խորհրդարանում այդ հարցերը պետք է քննարկվեին արտահերթ նիստով, ոչ թե, օրինակ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունն է քննարկվում։
Ավելի վաղ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է քրեական գործ: