03/06/2021 15:36
«Երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, նման մշակույթ չի եղել». նախարարը դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու դեպքով կսահմանափակվի միայն ներողություն խնդրելով
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ Աբովյանի դիահերձարանում զոհված զինծառայողների դիերի ու մասունքների պահման դեպքով օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ։
«Ես, որպես պատասխանատու, միանգամից արձագանքել եմ, ներողություն եմ խնդրել ու ասել եմ՝ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են տվյալ գործընթացի համար, պետք է կրեն պատասխանատվություն», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավանեսյանը։
Հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, արձագանքեց.
«Գիտեք, երևի անսովոր էր իմ ներողություն խնդրելը, այո, երևի նման մշակույթ չի եղել, ես այո, ներողություն եմ խնդրել, որ ցավ է պատճառվել հարազատներին», - նշեց նախարարի պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ Mediaport տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ «Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին այս պահին հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթաթած»։
Առողջապահության նախարարությունը հաստատել էր՝ Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել։
Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն էր խնդրել անհետ կորած զինվորների հարազատներից։
«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին», - ասել էր նա։
Աբովյանի դիահերձարանի նկուղային հարկում զինվորների մասունքներն ու դիակները պահելու փաստի առթիվ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնել էր, որ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան։
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և 2 աշխատակից ազատվել է աշխատանքից. ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Դիահերձարանում զինվորների մասունքների ու դիերի պահման դեպքից պետք է դասեր քաղել բայց կառավարությունը կամ նախարարը չի կարող գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել»։