03/06/2021 15:21
Միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիև» անսամբլը հանդես կգա համերգով
«Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 10-ին, ժամը 20:00 կանցկացվի «Գյուրջիևի երաժշտությունը» խորագրով համերգային երեկո։ Միջոցառմանը հանդես կգան «Գյուրջիև» անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Էսկենյան) և Դիզիվի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Մարինե Ալավերդյան)։
Համերգային ծրագրում Գյուրջիևի երաժշտությունն է։ Գուրջիևի մեղեդիները, որոնք հիմնված են Արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել նրա աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Այդ գրառումներից մի քանիսը ժողովրդական նվագարանների համար մշակվել և վերագործիքավորվել են Լևոն Էսկենյանի կողմից: Համերգի ժամանակ առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորված ստեղծագործություններ։
Նշենք, որ միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիև» անսամբլը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից, հիմնադրվել է 2008 թ․-ին Լևոն Էսկենյանի կողմից` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց և երաժիշտ Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը, այնուհետև ծրագիրը ընդլայնել Կոմիտասի, հայ հոգևոր և աշխարհիկ, աշուղական, ինչպես նաև ժամանակակից երաժշտությամբ։
Հեղինակավոր ECM Records-ի կողմից հրատարակված «Music of Georges.I. Gurdjieff» դեբյուտային ալբոմը արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին ECM Records-ի կողմից հրատարակված «Komitas» ալբոմը ընդգրկվել է 10 լավագույն ալբոմների շարքում աշխարհի մի շարք առաջատար ռադիոկայանների կողմից:
Անսամբլը ելույթ է ունեցել 26 երկրների (Եվրոպա, Ավստրալիա, Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա) հայտնի փառատոններում և ամենահեղինակավոր դահլիճներում։