03/06/2021 11:44
«2021-ի առաջին 5 ամսվա ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ». Փաշինյանը վստահեցրեց՝ շարունակում են պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը
Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահին կոչ արեց հրապարակել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները:
Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, թե 2021-ի առաջին հինգ ամսվա ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների մասով վերադարձված գումարները՝ 68,6 միլիարդ դրամ:
«Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և 2020, և 2019 թվականների համեմատ. 618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավելի են 2019-ի տվյալներից ու 34,8 միլիարդ դրամով ավելի են 2020-ի տվյալներից», - ասաց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ վերադարձված գումարները 2021 թվականի ընթացքում մոտ 25 միլիարդ դրամով ավելի է 2019-ի գումարներից, 15 միլիարդի չափով ավելի՝ 2020-ի գումարներից:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 2019 թվականի ամբողջ տարվա արդյունքներով՝ հարկային եկամուտների մոտ 40 տոկոս աճ էր արձանագրվել:
«Այս 40 տոկոս աճի վրա մենք հիմա ունենք նաև 8,3 տոկոսի աճ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, թե շարունակում են բիզնեսի ու հանրության նկատմամբ պարտքերը զրոյացնելու քաղաքականությունը: