04/06/2021 19:00
Քիմ Քարդաշյանն առաջին անգամ խոսել է ամուսնալուծության մասին (Տեսանյութ)
Հայկական արմատներով ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի հերթական թողարմանն առաջին անգամ անդրադարձել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության ժամանակ խնդիրներին:
Հայտնի է, որ զույգի բաժանման մասին առաջին անգամ խոսվել է տարեսկզբին, բայց ամուսիններն իրենք չէին մեկնաբանել այդ լուրերը:
Քիմի ու Քանյեի հարաբերությունների թեման առանցքային էր դարձել նոր դրվագում, որը նկարահանվել էր ընտանիքի արձակուրդի ընթացքում Թաո լճում:
«Քարդաշյանների ընտանիքը» հաղորդման թողարկումից հայտնի է դարձել, որ ուղևորությունից առաջ զույգը վիճել էր, և Քիմը շատ էր անհանգստանում:
Արցունքներն աչքերին նա պատմել է իր քույրերին, թե ինչն է իրեն ստիպել բաժանվել ամուսնուց:
«Ճիշտն ասած, ես այլևս չեմ կարող դիմանալ: Ինչու՞ եմ ես դեռևս այնտեղ, որտեղ տարիներ շարունակ խրված եմ: Նա ամեն տարի տեղափոխվում է մեկ այլ նահանգ: Իսկ ես պետք է նրա կողքին լինեմ՝ երեխաներ դաստիարակելու համար», - ընդգծել է Քարդաշյանը:
Միևնույն ժամանակ, նա Քանյեին անվանել է հիանալի հայր, որը «զարմանալի աշխատանք է կատարել»:
«Կարծում եմ, որ նա արժանի է մեկին, ով կարող է աջակցել նրա յուրաքանչյուր քայլին, հետևել նրան ամենուր և տեղափոխվել Վայոմինգ: Ես չեմ կարող անել դա: Նա պետք է ունենա կին, որը կաջակցի նրան ամեն հարցում, կճանապարհորդի նրա հետ և ամեն ինչ կանի նրա համար», - ասել է Քիմը:
Նա կիսվել է, որ իրեն անհաջողակ է զգում, քանի որ չի կարող լինել այն կինը, որն Ուեսթին պետք է:
Քիմը նաև ավելացրել է, որ իր և Քանյեի միջև թշնամանք չկա:
«Որևէ պայքար չկա: Հիմա ամեն ինչ հանգիստ է, և ես ապրում եմ պարզապես դրանով», - պարզաբանել է նա: