05/06/2021 09:36
Կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը. եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչո՞ւ են փախչում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել են Սևանի թիմակիցների հետ։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։ Նա նշել է, որ նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։
«Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ։ Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչո՞ւ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունն իշխանափոխությունն է», - հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Իշխան Սաղաթելյանն էլ նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ և իր վրա զգում է վտանգը, որովհետև թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։
Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, ասել է․
«Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որևէ թեմա չունենք»։
Վահե Հակոբյանն էլ ընգծել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից և հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը։