05/06/2021 10:34
Լսի՛ր, Նիկոլ, պարկեշտության սահմանները մի անցնի, բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում, չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում. Օնիկ Գասպարյան
Armlur.am-ը հրապարակել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ՝ ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների,
ստիպված եմ արձագանքել.
պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել և պատրաստ եմ պատասխանտալ իմ ողջ գործունեության համար։Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։
Լսի՛ր, Նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ,որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։
Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։
Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի և հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։
Նաեւ նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։
Ամեն դեպքում Նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում»։