07/06/2021 19:08
«Զգում էի, որ խեղդվում եմ, բայց երևի փորձս ու պրոֆեսիոնալիզմն ինձ օգնեցին». Աննա Խաչատրյանը ներկայացրել է «Շուշի» տեսահոլովակը (Տեսանյութ)
Երգչուհի Աննա Խաչատրյանն օրերս հանրությանը հանձնեց իր նոր՝ «Շուշի» երգն ու տեսահոլովակը, որի ռեժիսորն Անդրեյ Վերխոլյակն է: Երգը ծնունդ է առել մեզ համար ցավալի ելքով պատերազմից հետո, այն հույսի, հավատի, վերածնվելու մասին է, ապրելու ուն նորից ծաղկելու մասին:
«Այս համագործակցությունը հանկարծակի է ծնվել. Շուշանի հետ վաղուցվա ընկերներ ենք, թեև երբևէ չէինք համագործակցել: Մոտ երեք ամիս առաջ հանդիպեցինք, պատմեց, որ Շուշիի հանձնման օրը երաժշտություն է գրել, որի բառերը միայն ու միայն մեր բերդաքաղաքի մասին պետք է լինեն: Տեքստը չկար, բայց թեման Շուշին էր: Շուշանը մտածում էր, թե ո՞ւմ պետք է վստահի իր համար կարևոր այս երգը, ես էլ միանգամից արձագանքեցի՝ ես եմ երգելու: Այնքան վստահ էի իմ որոշման մեջ, որ երկընտրանքի տեղ չթողեցի: Ու սկսեցինք աշխատել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Աննա Խաչատրյանը:
Երգչուհին խոստովանում է՝ երգել Շուշիի մասին այն կորցնելուց հետո՝ շատ ծանր է, բայց կարողացավ զսպել էմոցիաներն ու պատվով կատարել իր աշխատանքը:
«Զգում էի, որ խեղդվում եմ, բայց երևի փորձս ու պրոֆեսիոնալիզմն ինձ օգնեցին: Նաև հավատս. երգելու պահին հոգով Շուշիում էի ու հավատում էի, որ ամեն ինչ լավ է լինելու, Շուշին տուն է վերադառնալու: Գիտեք, շրջապատում շատերն են ինձ քննադատում, ասում. «ինչո՞ւ ես երգել այդ թեմայով, դա հիմա ցավոտ թեմա է, չի կարելի մարդկանց սրտի նուրբ լարերի հետ խաղալ...»: Բայց ես կարծում եմ, որ սա այն թեման է, որի մասին ամեն վայրկյան անհրաժեշտ է խոսել, հիշեցնել, պատմել: Պետք է ամեն ինչ անել, որ գիտակցենք մեր թույլ տված սխալներն ու այլևս չկրկնենք դրանք: Կարծես թե մեր ազգային առանձնահատկությունն է՝ ուշքի գալ միայն կորցնելուց հետո ու վերադարձնել այն», - հուզմունքով նկատեց նա:
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել հիմնականում Վայոց ձորում:
Երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերը՝ Ռաֆայել Սահակյանը: Գործիքավորումը կատարել է Ալեքսանդր Մատիենկոն: