07/06/2021 13:32
Մենք պատերազմ չենք ուզում, պատերազմ չենք փորձում հրահրել, բայց նաև չենք ասում, որ կարող է կզենք թշնամու դիմաց. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մենք պատերազմ չենք ուզում, մենք պատերազմ չենք փորձում հրահրել, բայց մենք նաև չենք ասում, որ կարող է գլուխներս կախենք, մեջքներս ծռենք ու կզենք թշնամու դիմաց, Ամարասում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Եթե թշնամին եկել է մեզ սպանելու, առաջինը մենք պետք է նրան սպանենք։ Իսկ թուրքի, ադրբեջանցու պահվածքը վերջին պատերազմից հետո ցույց տվեց պարզ մի բան՝ 15 թվականի թուրքի յաթաղանը փոխարինվել է 2020 թվականի բայրաքթարներով», - նշել է Վանեցյանը։
Նա նշել է, որ պատերազմն ամենավատ բանն է, բայց եթե ուզում ենք խաղաղություն, պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի։
Վանեցյանի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը մեկ տարի անց չի ունենալու ժամկետային զինծառայող։
«Թաքցնում են, դրա մասին որևէ մեկը չի խոսում», - ասել է նա։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ նշել է, որ ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է իմանա, որ իր անվտանգության ապահովումը սկսվում է Արցախից։
«Հունիսի 20-ից հետո, այս իշխանության հեռացումից հետո մենք տեսնում ենք լուծումները, լուծումներ կան, որ կարելի է անել, մեղմել», - ասել է Աբրահամյանը։