08/06/2021 18:55
ԵՄ-ում հայտարարել են, որ Բելառուսում կա ավելի քան 470 քաղբանտարկյալ
ԵՄ արտաքին ծառայությունը հայտնել է, որ Բելառուսում քաղաքական դրդապատճառներով ձերբակալված է ավելի քան 470 մարդ: Այս մասին Twitter-ում հայտնել է գերատեսչությունը, որը գլխավորում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Մենք գիտենք, որ Բելառուսի բանտերում ավելի քան 470 մարդ է գտնվում այն բանի համար, որ պահանջում էին ազատ և արդար ընտրություններ: ԵՄ-ն համերաշխություն է հայտնում Բելառուսի քաղբանտարկյալներին և քաղաքացիներին: Մարդու իրավունքների խախտումները չեն կարող լինել անպատժելի: Բոլոր խախտողները կենթարկվեն պատասխանատվության», - ասվում է հաղորդագրության մեջ:
Թվիթին կցված է երկու րոպեանոց տեսանյութ, որը պատմում է Ryanair ինքնաթիռի Մինսկում արտակարգ վայրէջքի և Nexta Telegram հեռուստաալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչի ձերբակալման, ինչպես նաև դեպքին հաջորդած պատժամիջոցների մասին: Տեսանյութում ընդգծվում է, որ Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակումներ է մշակում Բելառուսի իշխանությունների նկատմամբ: