08/06/2021 11:02
Մոտ երեք տարի է պետք, որպեսզի բանակի վերազինման խնդիրները կատարենք. Սեյրան Օհանյան
Բանակի զարգացման փուլերը մենք համապատասխանեցրել ենք պետական երկարաժամկետ կառավարման փուլերին, Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:
«Ակնհայտ է, որ այս պայմաններում անհրաժեշտ են արագ կազմակերպչական խնդիրներ իրականացնել՝ մեկ տարվա ընթացքում վերականգնել բանակի գործունեության ողջ ընթացը, կարգապահությունը, և մոտ երեք տարի է պետք, որպեսզի նաև վերազինման խնդիրները կատարենք: Մենք այնպիսի պայմաններում ենք, որ երկարաժամկետ կառավարման տեմպերը պետք է մի քիչ արագացնել», - ասաց Օհանյանը:
Անդրադառնալով սահմանների կահավորմանը՝ Սեյրան Օհանյանը նկատեց, որ չունեն հաշվարկներ, թե որքան է մեր սահմանն ավելացել, ինչ խնդիրներ կան, որովհետև պետական կառավարման համակարգում չեն:
Նրա խոսքով՝ ընտրություններում հաղթելուց հետո շատ կարճ ժամանակ է պետք հաշվարկներ անելու համար և մինիմալ ժամանակահատված սահմաններն ամրացնելու համար: