09/06/2021 11:04
Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարներն ազատվել են ծառայությունից, քանի որ հրաժարվել են Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ ապահովել. մանրամասներ
Կասեցվել է Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ նրանց նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն Aysor.am-ին ասաց, թե արդեն մեկ ամսից ավելի է՝ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանին անընդհատ պահանջներ են ներկայացրել։
«Իմ հետ ունեցած հարաբերությունները համարել են աշխատանքի մեջ թերություն, Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանն էլ նախկինում Մեղրիի զորամասի շտաբի պետն էր, մեր բանակի լավագույն սպաներից, լավագույն հրամանատարներից, երկու գնդի հրամանատարներն էլ պատերազմի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորել», - ասաց Մխիթար Զաքարյանը։
Նա նշեց, որ հրամանատարներին մեղադրել են քաղաքականությանը խառնվելու մեջ։
«Բայց ես հավատացնում եմ՝ մեր շփումն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, շփվել ենք որպես համայնքապետ-հրամանատար նույն տարածքի, հարաբերությունները եղել են միայն ի շահ գործի, ի շահ սահմանի, ի շահ բանակի», - մանրամասնեց Մեղրիի քաղաքապետը։
Զաքարյանի խոսքով՝ հրամանատարներին նախարարություն են կանչել, խնդիր են դրել Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն ապահովել։
«Մերժելուց հետո այսպիսի որոշում են ընդունել», - ասաց Մխիթար Զաքարյանը։