10/06/2021 13:12
«Հրաժարականի դրդապատճառները հայտնի են». ԱԳ փոխնախարարի հրաժարականի դիմումը չեն ընդունում
Դրդապատճառները հայտնի են, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանն՝ անդրադառնալով ԱԳՆ-ում հրաժարականներին։
Հարցին, թե ինչու չի ընդունվել իր հրաժարականի դիմումը, փոխնախարարը խնդրեց այդ հարցով դիմել կառավարություն։
Նա ասաց, որ հետ չի վերցրել իր հրաժարականի դիմումը։
«Ձեզ հայտնի է, որ բոլոր փոխնախարարները տվել են ազատման դիմումներ, այս պահին բավարարվել է մասնակի», - նշեց Ղևոնդյանը։
Փոխնախարարը պնդեց՝ ԱԳՆ-ն շարունակում է աշխատել ի օգուտ մեր ազգային շահերի։
Հիշեցնենք՝ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նույն օրը հրաժարական էր ներկայցրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։
Նախարարի ու փոխնախարարի հետ ԱԳՆ-ից հեռացել է նաև նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով», - հայտարարել էր Այվազյանը։
Հունիսի 7-ին ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել են՝ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Հունիսի 8-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել: