10/06/2021 13:39
Ինչո՞ւ չի ստորագրվում ԱԳ փոխնախարարի հրաժարականի դիմումն ու ի՞նչ անհամաձայնություն է ունեցել Արա Այվազյանը. պարզաբանում է Տիգրան Ավինյանը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պարզաբանել է, թե ինչու չի ստորագրվել Արտաքին գործերի մեկ փոխնախարարի հրաժարականի դիմումը:
«Որովհետև Արտաքին գործերի նախարարությունում չէր կարող նախարարի պարտականություններն, առհասարակ, կատարող չլինել, դա է հիմնական պատճառը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է Արա Այվազյանի բարձրաձայնած խնդիրներին՝ նա ասաց, թե մայիսի 12-ից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով իրենք ունեցել են Անվտանգության խորհրդի նիստեր ու ԱԳ նախարարն այդ նիստերին ի պաշտոնե մասնակցել է:
«Այդ նիստերին քննարկվել են բոլոր հարցերը, այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են հենց այդ նիստերին՝ ԱԳ նախարարի մասնակցությամբ: ԱԽ բոլոր անդամները տեղեկացված են եղել մեր ունեցած բոլոր քննարկումներից», - ասաց Տիգրան Ավինյանը։
Հարցին՝ Այվազյանը վարչապետի՝ զորքերը հայելային տարբերակով հետ քաշելու առաջարկի մասով անհամաձայնություն ունեցե՞լ է, Տիգրան Ավինյանն ասաց, թե այդ մասին Այվազյանը պետք է հայտնի:
«Բոլոր որոշումները, որոնք կայացվել են, եթե եղել է համաձայնություն-անհամաձայնություն, քննարկում եղել է նվազագույնը», - ասաց փոխվարչապետի պաշտոնակատարը։
Հիշեցնենք՝ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նույն օրը հրաժարական էր ներկայացրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։
Նախարարի ու փոխնախարարի հետ ԱԳՆ-ից հեռացել է նաև նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ:
«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով», - հայտարարել էր Այվազյանը։
Հունիսի 7-ին ԱԳՆ-ից պաշտոնապես հայտնել են՝ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Հունիսի 8-ին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել:
Չի ստորագրվել միայն ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի հրաժարականի դիմումը։