10/06/2021 15:16
Գերեվարված վեց հայ զինծառայողի նկատմամբ ուժի մեջ է միջանկյալ միջոց կիրառելու որոշումը. Ադրբեջանը տրամադրել է նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր
Մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողի հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում:
Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները:
Նշվում է նաև, որ Եվրոպական դատարանը նույն օրը մերժել է նաև Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ: