11/06/2021 12:23
Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն. ամենաբարձր պաշտոն ունեցողներն ապրելու են իրենց տներում, շփվելու են հարևանների հետ. Քոչարյան
Կոնդի ամառանոցը դարձնելու ենք վերականգնողական կենտրոն, նշանակում է, որ ամենաբարձր պաշտոն ունեցող անձինք ապրելու են իրենց տներում, շփվելու են իրենց հարևանների հետ, Եղվարդում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նման պարագայում «համը հանելը», ինչ-որ բաներ անելը շատ ավելի է դժվարանում: Օրինակ եմ բերել Անդրանիկ Մարգարյանին, ով 7 տարի վարչապետ է եղել, 7 տարի ապրել է իր բնակարանում և 7 տարի իր հարևանների հետ նարդի է խաղացել», - նկատեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ պատնեշները պետք է վերացնել ու ամեն օր մարդկանց աչքերին նայել:
Նա ընդգծեց, որ հիմա ամբողջ ոստիկանությունը սպասարկում է մեկ մարդու, մինչդեռ ոստիկանությունն այդպիսի ֆունկցիա չունի:
Թեկնածուի խոսքով՝ ոստիկանությունը դարձել է անձնական թիկնապահ.
«Հաշվելու ենք, օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ծախսեր են արվել մեկ մարդու անվտանգությունը, տեղաշարժն ապահովելու համար: Կտեսնենք՝ ինչ հսկայական գումարներ են»: