11/06/2021 16:55
Եթե թավշապետը «պողպատե հեղափոխություն» ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների` պարտավոր ենք այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան. Սերժ Սարգսյան
Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց՝ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվում է կամ արդեն սկսվել է պողպատյա հեղափոխություն։ Այս մասին այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ «թավշյա հեղափոխություն» նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, «թավշյա հեղափոխություն» նշանակում է պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի ու կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75%-ի հանձնում, զոհել հազարավոր մարդկանց, որպեսզի թավշապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ «թավշյա հեղափոխություն» նշանակում է Հայաստանի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն, անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը։
Եթե կապիտուլյանտը «պողպատե հեղափոխություն» ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։ Եվ ոչ միայն վահան, այլև դրա հետ մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են իրենց պողպատյա գործիքն օգտագործել մեր դեմ։ Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում՝ լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, ովքեր լինելով մեզանից թվապես մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը և մնացել են ընդամենը պատմության դասագրքերում», - հայտարարել է Սարգսյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ հայ ժողովրդի մեջ դեռևս մնացել է ազատ ապրելու ցանկությունը և ոգին։
«Մենք այս բոլոր պրոբլեմներին պետք է դեմ տանք մեր կամքը, ցանկությունը՝ մեզ մնացած այս տարածքում ազատ ապրելու, հայերեն խոսելու։ Մենք մեր պատմությունը չենք կարող մոռանալ», - ասել է ՀՀ երրորդ նախագահը։