12/06/2021 19:36
Հայ 15 գերու վերադարձի գործում որոշիչ դերը պատկանում է Ռուստամ Մուրադովին. «Սպուտնիկ-Արմենիա»
Հայ 15 գերու հայրենիք վերադարձի շուրջ համաձայնության գալու հարցում որոշիչ դերը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովինն է, հայտնել է «Սպուտնիկ-Արմենիայի» աղբյուրը:
Քարվաճառի շրջանում ադրբեջանցի լրագրողների պայթեցումից հետո Բաքուն համառորեն խնդրում էր միջնորդներին՝ օգնելու ձեռք բերել ականապատ տարածքների քարտեզներ: Աղբյուրը նշում է, որ վերջերս գեներալ Մուրադովն ակտիվորեն կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարության հետ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել է Աղդամի շրջանում ականապատ դաշտերի քարտեզի դիմաց հայկական կողմին 15 հայի փոխանցելու մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է 15 հայ գերու հայրենիք վերադառնալու մասին տեղեկությունները՝ հրապարակելով նրանց լուսանկարը։