12/06/2021 12:07
Քիմիական նյութերի արտահոսքի պատճառով Չինաստանում ութ մարդ է մահացել
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գուիչժոու նահանգում քիմիական նյութի արտահոսքի պատճառով ութ մարդ է մահացել, ևս երեքը տուժել է, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Հասարակական անվտանգության վարչությունը հաղորդում է ստացել այն մասին, որ մարդիկ ուշաթափվել են Գույան քաղաքի տնտեսական և տեխնիկական զարգացման գոտում մեթիլֆորմիատ բեռնաթափելիս:
Նախնական ուսումնասիրությունների համաձայն՝ քիմիական նյութը արտահոսել է այն ժամանակ, երբ Sanqiang Xingxing քիմիական հաստատությունում Հուբեյ նահանգի համարանիշներով մեքենայից բեռնաթափվել է մեթիլֆորմիատ:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանք բժշկական օգնություն են ստանում: Շաբաթ առավոտյան փորձագետները շրջակա միջավայրի մոնիտորինգ են անցկացրել արտակարգ դեպքի վայրում, այն ցույց է տվել, որ օդի որակը նորմալ է:
Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել, քննությունը շարունակվում է: