14/06/2021 15:23
«Իմ Հայաստան» ծրագրի զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում
2021թ.հունիսի 11-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագիրը, ArtBridge սրճարան-գրախանութի հետ համատեղ, անցկացրեց «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ Վայոց ձորում և Սյունիքում մշակված «Զբոսաշրջային փորձառությունների ներկայացումը Երևանում» խորագրով միջոցառումը:
Երևանում անցկացված այս միջոցառումը «Իմ Հայաստան» -ի՝ ներքին զբոսաշրջության զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերից է: Սույն միջոցառումը փորձառության հեղինակներին հնարավորություն ընձեռեց իրենց զբոսաշրջային փորձառություններն ու արտադրանքը ներկայացնել բնակիչներին և հրավիրված տուրիստական օպերատորներին:
Այս տարիների ընթացքում «Իմ Հայաստան»-ը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իր 5 թիրախային մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր) և կապող միջանցքներում մշակել է հարյուրից ավել տարբեր, այդ թվում նաև`գաստրո, արկածային, արհեստագործական և թանգարանային փորձառություններ: Ավելին, ծրագրիշնորհիվ սկսվեց համագործակցություն փորձառությունների հեղինակների հետ, որը նպատակաուղղված է իրենց արտադրանքի որակի բարձրացմանը և հյուրերի ներգրավվածության ընդլայնմանը:
«Ծրագրի նպատակներից է մշակել ու զարգացնել Հայաստանում զբոսաշրջային փորձառությունները, մինչդեռ այս միջոցառման նպատակն է ներգրավել նոր լսարաններ և գործընկերներ, որոնց օգնությամբ «Իմ Հայաստան»-ի փորձառությունների հեղինակները հնարավորություն կունենան վաճառել իրենց արտադրանքը / ծառայությունները և մեծացնել վաճառքի ծավալները»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Այելոն:
Այս միջոցառման ժամանակ ութ փորձառությունների միջոցով ներկայացվեց Հայաստանի հարավային մարզերի (Սյունիք և Վայոց ձոր) մշակութային բազմազանությունն ու սովորույթները: Հյուրերը հնարավորություն ունեցան, չհեռանալով քաղաքից, նորովի բացահայտել մարզերը, ծանոթանալ երկրի կարևորագույն առանձնահատկություններին, վայելել մարզերի ինքնատիպ առաջարկները՝ տեղում մասնակցելով համտեսի և խոհանոցիային փորձառություններին, ինչպես նաև՝ հաղորդակցվել տեղաբնակների հետ: