14/06/2021 18:27
«Հայ տղամարդիկ սովոր չեն, երբ կինը 24 ժամ ուշադրության կենտրոնում է». երգչուհի Յանա Գրիգորյանը՝ որպես դերասանուհի հանդես գալու, բաց տեսարանների և անձնականի մասին
20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն, ֆոտոմոդել և երգչուհի Յանա Գրիգորյանը նկարահանվում է «Վերջնագիծ» հեռուստասերիալում: Aysor.am-ի հետ զրույցում Յանան պատմել է առաջին անգամ դերասանուհու կարգավիճակում հայտնվելու, իր կերպարի, արձագանքների, անձնական կյանքի մասին և ոչ միայն:
- Յանա, ումի՞ց ստացաք սերիալում նկարահանվելու առաջարկը, կպատմե՞ք Ձեր կերպարի մասին:
- Սերիալի պրոդյուսերը Գոռ Վարդանյանն է, ռեժիսորը՝ Լուսինե Մարտիրոսյանը: Երբ Գոռից ստացա սերիալում նկարահանվելու առաջարկը, ու ծանոթացա Լուսինեի հետ՝ հասկացա, որ ցանկություն ունեմ աշխատելու այս տաղանդավոր մարդկանց հետ: Նրանց հետ զրույցի արդյունքում հասկացա, որ կարող եմ իմ ուժերը փորձել նաև որպես դերասանուհի: Շնորհակալ եմ նրանց, որ վստահել են այդ դերն ինձ, դա, իրոք, ինձ համար մեծ պատասխանատվություն է, քանի որ ես մասնագիտությամբ դերասանուհի չեմ, և պետք է այնպես անեմ, որ արդարացնեմ նրանց սպասելիքները: Ասեմ, որ խաղընկերս տաղանդավոր դերասան Գևորգ Գրիգորյանն է, ում հետ աշխատելը շատ հեշտ է: Թեև, մինչ այս՝ ֆիլմերում ու սերիալներում նկարահանվելու առաջարկներ ևս ունեցել եմ, սակայն մերժել եմ տվյալ ժամանակահատվածում պարզպես ցանկություն չունենալու պատճառով:
Իմ հերոսուհին ՝Ալլան, շատ բարդ կյանք է ունեցել, ստիպված է եղել մենակ հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, քանի որ սիրելին հայտնվել է բանտում: Ալլան բավական խոր կերպար է, սակայն այդ ամենը կբացահայտվի սերիալի ընթացքում:
- Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն եղան առաջին արձագանքները՝ հաշվի առնելով այն փաստը, որ Դուք սերիալում նաև բաց տեսարաններում եք հանդես եկել:
- Դրական արձագանքները բավականին շատ էին, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ դա նշանակում է, որ կարողացել եմ համոզիչ կերտել Ալլայի կերպարը: Սակայն անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ընտանիքս սկզբում այնքան էլ կողմ չէր, քանի որ կային բաց տեսարաններ, սակայն, կարծում եմ, որ բոլոր դերասանուհիներն էլ սկզբնական շրջանում անցնում են այս ամենի միջով:
- Դերասանական գործունեությանը զուգահեռ Դուք նաև միջազգային մրցույթների ազգային տնօրեն եք և մշտապես աչքի եք ընկնում հայ աղջիկներին գեղեցկության միջազգային տարբեր մրցույթներում ներգրավելու Ձեր ջանքերով:
- Այո, 20 միջազգային գեղեցկության մրցույթների ազգային տնօրեն եմ, որոնք անցկացվել են աշխարհի տարբեր երկրներում: Ինքս 2 անգամ ներկայացրել եմ Հայաստանը միջազգային բեմերում: Մրցույթներից հետո ես որոշեցի որպես պրոդյուսեր հանդես գալ և նախապատրաստել աղջիկների և տղաների, ովքեր պատվով կներկայացնեն մեր երկիրը: Ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում եմ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնել արտերկրում, միջազգային բեմերում: Իմ մոդելների մեծ մասը վերադարձել է տիտղոսներով: Այդ ամենի միջով ժամանակին ինքս անցնելով՝ մեծ փորձ եմ ձեռքբերել և մշտապես իմ խորհուրդներով փորձում եմ օգնել իմ մասնակիցներին: Առաջնահերթ փորձում եմ այնպես անել, որ նրանք քիչ հուզվեն, քանի որ նմանատիպ մրցույթներում ժյուրին գնահատում է ամեն ինչ` արտաքինից մինչև բնավորություն:
- Արդյոք ստացվում է համատեղել այս ամենն ու ժամանակ հատկացնել Ձեր գործունեության բոլոր ոլորտներին:
- Ես շատ աշխատասեր եմ և փորձում եմ ամեն ինչ հասցնել, ավելին՝ փորձում եմ ամեն ինչ շատ լավ անել, որովհետև նաև մաքսիմալիստ եմ և շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ: Իհարկե, դա շատ դեպքերում ազդում է իմ առողջության վրա, քանի որ շատ հաճախ անքուն գիշերներ եմ անցկացնում:
- Բոլորին հայտնի է, որ գործունեությունից բացի հանրությանը հետաքրքիր է ճանաչված մարդկանց անձնականը: Այս առումով ի՞նչ կասեք, ի՞նչ է կատարվում Ձեր անձնական կյանքում:
- Երբ շատ զբաղված ես լինում և աշխատում ես ծանրաբեռնված գրաֆիկով, քեզ նվիրում ես կարիերային, անձնականը, ցավոք սրտի,մղվում է հետին պլան, որովհետև շատ տղամարդիկ՝ հատկապես հայ տղամարդիկ, սովոր չեն, երբ կինը 24 ժամ ուշադրության կենտրոնում է և պարզապես չի կարողանում բավարար ժամանակ հատկացնել իրեն: Այս ամենը, ցավոք, անդրադարձել է նաև իմ անձնականի վրա: Այս պահին սիրտս ազատ է, դեռ չեմ մտածում ընտանիք կազմելու մասին, միգուցե նրա համար, որ դեռ չեմ իրականացրել իմ բոլոր այն նպատակները, որոնք կապված են իմ մասնագիտության հետ, բացի դրանից՝ նաև նրա համար, որ դեռ չեմ հանդիպել այն տղամարդուն, որի հետ պատրաստ կլինեմ ամբողջ կյանքս անցկացնել, և ով պատրաստ կլինի ինձ ընդունել իմ մասնագիտությամբ ու աշխատանքով հանդերձ: