15/06/2021 09:40
«Ժողովուրդ». Մինչ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ անելու մասին պայմանագրային զինծառայողները դիմումներ են գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ մինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակում բարեփոխումներ իրականացնելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին զանգվածային դիմումներ կան։ Մասնավորապես, թերթի տեղեկություններով՝ զինվորականները դժգոհում են, քանի որ չկան տարրական պայմաններ՝ ո՛չ գիշերակաց, ո՛չ սնունդ, ո՛չ էլ անգամ զուգարան։ Այս ամենի հետ մեկտեղ քիչ է աշխատավարձը, և վարկեր են առկա։ Եվ գոնե այս հարցերը լուծվեն, իշխանությունները նախընտրական խոստումներ են տալիս, իսկ բանակը դատարկվում է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին պայմանագրային զինծառայողները՝ մոտ 50 հոգի, արդեն դիմում է գրել։ Պարզաբանումներ ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի կորպուսի հրամանատար Հարությունյանի հետ։
Վերջինս հաստատել է,, որ նման դիմումներ առկա են։
«Զորացրման զեկուցագրեր ներկայացնելու գործընթացն արդեն 5-6 ամիս է՝ առկա է, բայց դա ծառայության պայմանների հետ կապ չունի։ Այստեղ զուտ աշխատավարձի հարց է, ընտանեկան պայմաններ, և միայն պայմանագրայինը չեն, նաև սպայական կազմը։ Մարդիկ վարկեր ունեն, հազար հատ խնդիրներ ունեն, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի», - նշել է նա։
Հրամանատարը ընդգծել է, թե ամեն դեպքում սահմանային իրավիճակը չէ խնդիրը։
«Մարդիկ կան, որ զեկուցագրեր գրել են, բայց սպասում են իրավիճակը հանդարտվի, քանի որ չեն ցանկանում իրենց ստորաբաժանումը լքել, կան դիմումներ, միգուցե ավելանան», - հավելել է նա։
Թերթը գրել է՝ մի կողմից խոստումներ են, մյուս կողմից՝ իրականությունը: