16/06/2021 18:11
Չագուճը ձեռքին գյուղից գյուղ անցնող մարդու հետևից քաղաքական բանակ չի գնա, հետընտրական զարգացումներ չեն լինի, իսկ ՔՊ-ն կստանա քվեների մոտ 20 տոկոսը. Մասնագետ
Ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի գնահատմամբ այս ընտրարշավի արդյունքում խորհրդարան են անցնելու «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հնարավոր է՝ Հայ ազգային կոնգրեսը ևս լինի խորհրդարանում։
«Քարոզարշավը լրացնելու, լիարժեք դարձնելու շատ գործոններ կան, որոնք չօգտագործվեցին, հատկապես «Հայաստան» դաշինքի մոտ։ Սա չի նշանակում, որ վատ է իրականացվել, պարզապես էլ ավելի լիարժեք իրականացնելու դեպքում ստացած տոկոսները շատ ավելի մեծ էին լինելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բադալյանը։
«Բարգավաճ Հայաստանն», ըստ նրա, ստանդարտ քարոզարշավ է իրականացրել, ինչպես նախկինում։ Այս անգամ մի փոքր պասիվություն է նկատվել։
««Պատիվ ունեմ» դաշինքը ևս շատ ավելին կարող էր անել, քան այս պահի դրությամբ իրականացրեց։ Հավանաբար, հետագայում իրենց թերությունների վրա կաշխատեն», - նշեց ընտրական տեխնոլոգիաների մասնագետը։
Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ապա այս ուժի քարոզարշավն, ըստ մասնագետի, այլ կերպ լիներ չէր կարող, քան իրականացվել է․
«Ինքը պետք է հենց այդ բառապաշարով, որը հիմնականում տարածում է ատելության խոսք, մոբիլիզացներ իր կողմնակիցներին։ Խնդիրն այն է, որ ինքը մոբիլիզացրեց իր կողմնակիցներին, բայց այդ բառապաշարը թույլ չտվեց նրան իր ընտրազանգվածն ընդլայնել, ինչի պատճառով նա այս ընտրություններում այլևս հաղթող ուժ չի դառնա։ Այո՛, կմտնի խորհրդարան, մոտ 20 տոկոսի չափով ձայն կստանա։ Դա կլինի իր առավելագույն ընտրազանգվածը, որը կքվեարկի կոնկրետ ՔՊ-ի ղեկավարի օգտին, և ոչ թե ՔՊ-ի»։
Արմեն Բադալյանի խոսքով՝ նման բառապաշարն այդ ընտրազանգվածի ընկալման մակարդակն է.
«Ի դեպ, դա չի նշանակում, որ այդ ընտրազանգվածի մեջ չեն կարող լինել գիտությունների թեկնածուներ։ Քաղաքական պատկերացումները և գիտական պատկերացումները կարող են չհամընկնել»։
Մասնագետի խոսքով՝ ընտրարշավում ընդգծված բացասական երևույթներից մեկն այն էր, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարն ատելություն էր քարոզում։
«Բայց ես հասկանում եմ, որ նա պետք է քարոզի՝ իր ընտրազանգվածին իր մոտ պահելու համար։ Լավն այն էր, որ իր մրցակիցներն իր ատելության բառապաշարն իր դեմ չօգտագործեցին։ Իր մրցակիցներից ցանկացած ուժի ղեկավարը, եթե նույն ատելության խոսքը փոխանցեր հետ, ընտրազանգված կկորցներ, որովհետև իրենց ընտրազանգվածն իրենց մեջ ուրիշ կերպար է տեսնում»։
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին կամ ենթադրվող քաղաքացիական բախումներին, Արմեն Բադալյանն ասաց՝ ոչ մի բախում էլ տեղի չի ունենա։
«Կարող են մանր նախադեպեր տեղի ունենալ, բայց ասել, որ քաղաքացիական բախումներ կլինեն, իրականությանը չի համապատասխանում»։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո հանրահավաք է հրավիրել, Բադալյանն արձագանքեց՝ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ է տեսել քաղաքական ուժերի, որոնք հետընտրական գործընթացի համար գրեթե մեկ ամսով հանրահավաք են իրականացրել։ Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական գործընթացներ չեն եղել, դրանք եղել են նախագահական ընտրություններից հետո։
Համեմատելով 2008 թվականի իրադարձությունների հետ, Բադալյանն ասաց, թե առաջին նախագահը 2008 թվականին Երևանում բավական մեծ վարկանիշ ուներ, դրա համար կարող էր գնալ հետընտրական գործընթացների, իսկ գործող վարչապետը Երևանում շատ ցածր վարկանիշ ունի և չի կարող դա անել.
«Ի դեպ, առաջին նախագահի մեջ լիդեր և ինտելեկտուալ առաջնորդի են տեսնում մարդիկ, ի տարբերություն գործող վարչապետի, որը չագուճը ձեռքին գյուղից գյուղ է անցնում։ Հաստատ համոզված եղեք, որ չագուճը ձեռքին մարդու հետևից քաղաքական բանակ չի գնում, որովհետև նման երևույթները լուրջ չեն ընդունվում, դա ծաղրանք է բերում»։
Վերջում Արմեն Բադալյանը կանխատեսեց նաև, որ ընտրությունների արդյունքում որևէ ուժ 50+1 տոկոս քվե չի ստանալու։