16/06/2021 09:38
«Իրավունք». ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է. Շահնազարյան
«Իրավունք» թերթը գրում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գործարք, որը Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է:
«Վրաստանի տարածքով 15 հայ ռազմագերիների վերադարձի դիմաց Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են հանձնել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները: Հարցը շատ զգայուն է, վերադարձել են ռազմագերիներ: Ես կարծում եմ՝ շատերը կհիշեն, որ 90-ականներին պատերազմի ժամանակ հայ ռազմագերիները դաշտային հրամանատարների միջոցով վերադառնում էին հայրենիք՝ կոնկրետ գործարքի արդյունքում՝ մենք նրանց վճարում էինք:
Բայց ներեցեք, դրանք ուղղակի փողեր էին, իսկ այս գործարքը (քարտեզների փոխանցումը) ազգային անվտանգության լրջագույն խնդիր է: Միայն Աղդամում կա մինչև 97 հազար ական, և Ադրբեջանն այդ քարտեզների շնորհիվ հնարավորություն է ստանում անհապաղ ռազմականացնել Աղդամի շրջանը», - ասել է նա: