16/06/2021 22:15
Պուտինն ու Բայդենը Ժնևի գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն են տարածել
Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը համատեղ հայտարարություն են տարածել Ժնևում կայացած բանակցություններից հետո: Այն նվիրված է ռազմավարական կայունության խնդիրներին:
«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ցույց են տվել, որ նույնիսկ լարվածության պայմաններում նրանք ի վիճակի են առաջընթացի հասնել համատեղ նպատակների իրականացման շուրջ՝ ռազմավարական ոլորտում կանխատեսելիություն ապահովելու, զինված բախումների ռիսկերը և միջուկային պատերազմի սպառնալիքները նվազեցնելու համար», - ասվում է փաստաթղթում:
Որպես այս մոտեցման օրինակ բերվում է ՌՀՍ-3 պայմանագրի վերջին երկարաձգումը:
«Այսօր մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունն այն սկզբունքին, որ միջուկային պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, և այն երբեք չպետք է սանձազերծվի», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
Երկու երկրների ղեկավարները հայտարարել են ռազմավարական կայունության վերաբերյալ համապարփակ երկխոսություն սկսելու մասին, որը պետք է հիմք դնի ապագայում սպառազինության վերահսկմանը: