16/06/2021 21:28
Մնջախաղի թատրոնի տնօրեն է նշանակվել Մանվել Խաչատրյանը
Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տնօրեն է նշանակվել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր Մանվել Խաչատրյանը; Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։ Դերասանն այս պաշտոնում փոխարինել է Արամ Խոջոյանին;
«Այսօր ավարտվեց մնջախաղի թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանի պաշտոնավարումը:
Վերջին 10 տարում, սկզբում որպես տնօրենի օգնական, այնուհետև՝ տնօրեն, Արամ Խոջոյանը իր երիտասարդական ավյունով և աշխատունակությամբ մեր թատրոնը բարձրացրեց մի նոր մակարդակի: Եվ ապացուցվեց, որ մնջախաղի արվեստը խորությամբ իմացող ու մենեջմենթի նրբությունները խելացի կիրառող տնօրենը պետք է արձանագրեր այնպիսի արդյունքներ, որպիսիք չենք ունեցել թատրոնի 47-ամյա պատմության ընթացքում:
Մենք թատրոնում նրան Արամ ենք դիմում: Այդպես ինքն էր ուզում: Եվ բնական է, որ թատրոնում պիտի ձևավորվեր ընտանեկան մթնոլորտ:
Շնորհակալություն Արամ ջան»,- գրված է թատրոնի ֆեյսբուքի էջում՝ աշխատակազմի անունից։
Մեկ այլ գրառմամբ էլ անձնակազմը շնորհավորել է նոր տնօրենին ու բարի երթ մաղթել։
Նշենք, որ Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը։