18/06/2021 16:35
Սամվել Կարապետյանն Ադրբեջանի մեղադրանքներն անվանել է «ֆանտազիա»
«Տաշիր» ընկերությունների խումբն իր նախագահ Սամվել Կարապետյանին Ադրբեջանի կողմից առաջադրած մեղադրանքներն անհեթեթ է որակել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել երեք հայ գործարարների՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ զինամթերք և ռազմական տեխնիկա ապօրինի ներմուծելու համար: Նրանց թվում են Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը:
«Ադրբեջանի կողմից «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթ են և ոչ մի հիմք չունեն», - ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի արտաքին կապի վարչության հայտարարության մեջ, որը ստացել է РИА Новости-ն:
Ընկերությունից հայտնել են, որ Կարապետյանի դեմ քրեական գործը, որի մասին ուրբաթ հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հարուցվել է «քաղաքացիական ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի զենք տեղափոխելու շինծու մեղադրանքով»:
«Այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են կեղծ մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անձանց, զայրացնող և անընդունելի են», - ասել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ես զարմանում եմ, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները համառորեն շարունակում կենտրոնանալ իրենց ֆանտազիաների վրա: Ավելի լավ կլիներ, որ իրենց էներգիան ուղղեին տարածաշրջանի վերականգնմանը, որը նրանք ոչնչացրին», - Կարապետյանի խոսքը մեջբերել է մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ ընկերությունը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը տարիներ շարունակ նախաձեռնել և իրականացրել է բացառապես սոցիալական և հումանիտար նախագծեր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. կառուցվել են դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, եկեղեցիներ:
«Դրանից հետո այդ օբյեկտներից մի քանիսը ոչնչացվել են ադրբեջանական բանակի կողմից: Ընդ որում, զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ», - հայտնել են մամուլի ծառայությունից:
««Տաշիր» ընկերությունների խումբը և Սամվել Կարապետյանն անձամբ են տրամադրել և շարունակում են տրամադրել մարդասիրական օգնություն հայ ժողովրդին և ռազմական բախումների ընթացքում տուժած խաղաղ բնակիչներին», - ասվում է հաղորդագրության մեջ: