18/06/2021 12:31
Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են. Միջազգանյագետ
Հուսամ՝ շատ շուտով մենք կունենանք ռեալպոլիտիկից բխող պրագմատիկ արտաքին քաղաքականություն, դրա այլընտրանքը վերջնական կործանումն է, ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ: Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:
«Հայաստանը ինքնաիզոլացվել է միջազգային հանրությունից և միջազգային քաղաքականությունից, պրոֆեսիոնալիզմի բացակայության և անադեկվատ որոշումների կայացման պատճառով: Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հարաբերություններին: Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Միակ օրակարգային հարցը ամերիկյան օգնության տրամադրման հարցն է: Հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են երկկողմ հարաբերությունների էտալոն, վերջին երեք տարիների ընթացքում ստացել են անադեկվատ բնույթ: Եվրպական Միության ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, չի ձևավորվում ադեկվատ օրակարգ: Ամբողջ օրակարգը պտտվում է բացառապես ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության շուրջ: Լուրջ համագործակցություն չկա ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնց մենք անդամակցում ենք կամ համագործակցում ենք երկկողմ անհատական ծրագրերով», - թվարկել է միջազգայնագետը՝ ավելացնելով, որ մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը:
Հրատապ գործել է պետք՝ դառնալու համար կանխատեսելի, ադեկվատ, վստահելի գործընկեր.«Մեր պրագմատիկ՝ այլ ոչ թե չհաշվարկված որոշումները աշխարհի կողմից ընկալելի են լինելու», - գրել է նա: